arm eng rus
   
 
 
  Հասարակայնության մասնակցության իրավունքը


ՙՇրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին՚ ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիայի երկրորդ հիմնասյունն ամրագրում է անդամ պետությունների պարտավորությունն ապահովելու հասարակայնության մասնակցության իրավունքը շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների կայացման գործընթացին:
Շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների կայացման գործընթացին հասարակայնության արդյունավետ մասնակցության ապահովումը կարևոր երաշխիք է էկոլոգիական ժողովրդավարության ամրապնդման և մարդու հիմնարար սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար ներդաշնակ դաշտ ձևավորելու գործում: Մասնակցության իրավունքի իրացումը ենթադրում է գործընկերային հիմունքներով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցություն պետական մարմինների կողմից գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների ընդունման, քաղաքականությունների և իրավական ակտերի մշակման գործընթացին:
Հասարակայնության մասնակցությունը միջազգային և ազգային օրենսդրությամբ ընդունված կառուցակարգ է, որը թույլ է տալիս ապահովել հասարակայնության ներկայացուցիչների (հասարակական կազմակերպությունների, այլ կառույցների, ինչպես նաև քաղաքացիների) մասնակցությունը պետական մարմինների կողմից շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների ընդունման գործընթացին: Կոնվենցիայի համաձայն` հասարակայնության մասնակցությունը պետք է ապահովվի հետևյալ դեպքերում.
1. գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումներ կայացնելիս (Օրհուսի կոնվեցիա, 6-րդ հոդված),
2. շրջակա միջավայրի հետ կապված պլանների, ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ որոշումներ կայացնելիս (ռազմավարական էկոլոգիական գնահատում, ՌԷԳ) (Օրհուսի կոնվեցիա, 7-րդ հոդված),
3. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին (Օրհուսի կոնվեցիա, 8-րդ հոդված): Հասարակայնության մասնակցության կառուցակարգը հենվում է հետևյալ սկզբունքների վրա.
1. հասարակայնության ներգրավում վաղ փուլում,
2. հասարակայնության պատշաճ ծանուցում,
3. հասարակայնության մասնակցության ողջամիտ ժամկետներ,
4. մասանակցության հնարավորության վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն,
5. քննարկվող հարցին առնչվող տեղեկատվության մատչելիություն,
6. կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հնարավորություն,
7. վերջնական որոշման վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն:
Օրհուսի կոնվենցիայի դրույթների կենսագործումը և մասնակցության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար հասարակայնության մասնակցության կառուցակարգն իր ամրագրումն է գտել նաև ներպետական օրենսդրության համակարգը կազմող մի շարք ակտերում: Գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների ընդունման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացին հասարակայնության մասնակցության իրավունքը սահմանված է ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքում, որն ընդհանուր առմամբ ամրագրում է հասարակայնության մասնակցության հիմնական պայմանները` ծանուցման կարգը, հասարակական լսումների անցկացման ժամկետները, արդյունքների ամրագրումը և այլն: Որպես հասարակայնության մասնակցության ձև` օրենքը նախատեսում է միայն հասարակական լսումների անցկացումը, սակայն ժամանակակից աշխարհում լայնորեն կիրառվում են նաև մասնակցության ոչ ֆորմալ ձևեր, օրինակ` տարբեր ձևաչափերով քննարկումներ, հասարակական կարծիքի հարցումներ, նամակներ, ակցիաներ և այլն: Ներկայումս ավելի ու ավելի լայն տարածում է ստանում մասնակցության իրավունքի իրացումը կապի էլեկտրոնային միջոցներով:
Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մաշակմանը հասարակայնության մասնակցության իրավունքն ամրագրված է ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 27.1 հոդվածով, ի կատարումն որի ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում ՙՀանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին՚ : Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2011 թվականի հունվարի 1-ին: