arm eng rus
   
 
 
  Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիությունը


Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիությունն առաջին հերթին ենթադրում է յուրաքանչյուրի իրավունքը ստանալու էկոլոգիական տեղեկատվություն և պետական մարմինների պարտականությունը տարածելու և/ կամ տրամադրելու էկոլոգիական տեղեկատվություն` ըստ հարցման:
Մարդու` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ նախատեսված այս իրավունքի իրացումը առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայր ձևավորելու առաջին նախապայմաններից է:
Տեղեկատվության տրամադրման վերաբերյալ պետական մարմինների պարտականությունն ամրագրված է ՀՀ սահմանադրության 33.2-րդ հոդվածում ՙՊաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար՚: Բնապահպանական տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքի ապահովմանն են ուղղված ՀՀ ընթացիկ օրենսդրությունը` ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը, Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը, ՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին՚ ՀՀ օրենք (սույն օրենքը գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մասով) և այլ իրավական ակտեր:
ՀՀ ազգային օրենսդրությունում բացակայում է ՙէկոլոգիական տեղեկատվություն՚ հասկացությունը: Այն սահմանվում է Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն որի` էկոլոգիական տեղեկատվությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի, որոշակի գործոնների` նյութերի, էներգիայի, աղմուկի և մարդկանց առողջության և անվտանգության, կենսապայմանների, մշակութային օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն է:
Տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքի իրականացումն ունի որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, չի կարող տրամադրվել այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերում է պետական մարմինների գործունեության գաղտնիությանը, ազգային պաշտպանությանը կամ հանրային անվտանգությանը, արդարադատության իրականացմանը, առևտրային գաղտնիքին, մտավոր սեփականության իրավունքին և այլն:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ձևավորում է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության կառավարման համակարգ, ինչը հիմք պետք է հանդիսանա ինչպես մարդու` տեղեկատվություն ստանալու իրավունքի լիարժեք իրականացման, այնպես էլ բնական ռեսուրսների պետական կառավարման արդյուանվետ բարձրացման: