|
|
Հանդիպում-քննարկում ՀՀ բնապահպանության նախարարությունում
 Հուլիսի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Օրհուս կենտրոնների գործունեությունը, կենտրոնների ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները:
Համակարգողներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի գործունեությունը, մարզում առկա էկոլոգիական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվեց Օրհուսի կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթի իրականացմանը նպաստելու ուղղությամբ կատարվող աշխատանքները և դրանց հետ կապված դժվարությունները: Քննարկվեց նաև կազմակերպչական խնդիրներ` կենտրոնների ֆինանսավորման, կարգավիճակի, աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր: Էկոլոգիական տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և տարածման նպատակով կարևորվեց ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյունավետության բարձրացումը: Համակարգողները ակնկալում են նախարարության աջակցությունը կենտրոնների գործունեության իրականացման հետ կապված շատ այլ հարցերում: Նախարարի առաջին տեղակալը իր ելույթում նշեց, որ ակնհայտ է որ կենտրոնները անցել են մեծ ճանապարհ և ծավալել են արդյունավետ գործունեություն , սակայն իհարկե կան բացթողումներ և դժվարություններ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել համատեղ ջանքերով` ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, ԵԱՀԿ-ի, ՏԻՄ-երի և Օրհուսի կենվենցիայի ազգային համակարգողի հետ միասին:
Նախարարի առաջին տեղակալի առաջարկով կենտրոնները մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ կներկայացնեն կենտրոնների կանոնադրության, կարգավիճակի, ֆինանսավորման մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/ 55-13-64
E-mail: info@aarhus.am |
|