2010-07-16
 
Մաքուր զարգացման մեխանիզմը Եղվարդի ֆերմերների համար


Եղվարդի Օրհուս կենտրոնը ՙԵղվարդ՚ երիտասարդական-բնապահպանական ՀԿ հետ համատեղ ՙՆաիրի տեղեկատվական ցանց՚ ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար, որի նպատակը տարածաշրջանի ֆերմերներին Մաքուր զարգացման մեխանիզմը ներկայացնելն էր: Կենտրոնի հրավիրած ՄԱԶԾ/ԳԷՖ ՙԿլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում՚ ծրագրի փորձագետը ներկայացրեց Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում Հայաստանում և աշխարհում իրականացվող Կենսագազի օգտահանման ծրագրերը: Փորձագետի հավաստմամբ գյուղական բնակավայրերում աղբից կենսագազի օգտահանումն անիմաստ է, որովհետև աղբում կենսաբանական թափոնների քանակը քիչ է: Սակայն նմանատիպ բնակավայրերում կա գոմաղբից կամ թռչնաղբից կենսագազի ստացման մեծ պոտենցիալ: Փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Հայաստանի խոշոր թռչնափաբրիկաների իրենց ուսումնասիրությունները: Դրանց մեծ մասում թռչնաղբը չորացվում է մեխանիկական ճանապարհով, սակայն կան ֆաբրիկաներ, օրինակ ՙԱրաքսը՚, որտեղ մթնոլորտ ակտիվորեն ջերմոցային գազեր արտանետող թռչնաղբի ավելի քան 20 լճակ կա: Լուսակերտի կենսագազի գործարանի մասին առավել մանրամասն խոսեց գործարանի տնօրենը: Վերջինիս ստեղծման նպատակով 3 000 000 դոլարին համարժեք ներդրում է արվել, որի 52 տոկոսը ներ է դրել ձեռնարկությունը, իսկ մնացած 48 տոկոսի հիմնական մասը` Դանիայի կառավարությունը: Հենց վերջինս էլ հանդիսանում է առաջիկա տարիների ընթացքում կրճատվելիք գազերի քվոտաների գնորդը: Գործարանի տնօրենի հավաստմամբ իրենք արդեն մոտենում են զրոյական վիճակին և հաջորդ տարվանից արդեն կսկսեն աշխատել շահույթով: Սակայն այսօր գործարանն ունի հումքի պակաս, ուստի տնօրենը գոմաղբի գնման պատրաստակամություն հայտնեց, ինչը հետաքրքրեց միջոցառմանը ներկա ֆերմերներին: Նրանք նաև ցանկացան, որ ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում գնահատվի նաև իրենց ֆերմաների պոտենցիալը: Սեմինարը փաստորեն հիմք հանդիսացավ առաջիկայում տարածաշրջանի կենսաբանական թափոնները նպատակային օգտագործելու և ջերմոցային գազերի արտանետումների քանակը փոքր-ինչ կրճատելու առումով:


Եղվարդի Օրհուս կենտրոն
Մարի Չաքրյան
(O224) 22933, 093991212
էլ. հասցե. Info_yeghvard@aarhus.am
mchakryan@yandex.ru