2010-07-06
 
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԱՐԳԻՃԻԻ ՀՈՒՆԸ


Արգիճի գետի ճակատագրով անհանգստացած Մարտունու տարածաշրջանի 6 համայնքների բնակչությունը հանրային իրազեկում էր պահանջում, որպեսզի հասկանա, թե վերջապես ինչ է կատարվում Սևանա լիճը սնուցող ամենամեծ աղբյուրներից մեկի` Արգիճի գետի հետ:
Նրանց պահանջով Գավառի Օրհուս կենտրոնը կազմակերպեց հանրային իրազեկում, որի կազմակերպմանը աջակցեցին Մարտունու տարածաշրջանի մի խումբ ակտիվ բնակիչներ, ովքեր հանդես էին գալիս նաև որպես նախաձեռնող խումբ: Քննարկումը անցկացվեց “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ-ում, որի նպատակը մեկն էր, պարզել թե վերջապես ինչ է իրականում կատարվում: Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն, Աստղաձոր, Լեռնահովիտ, Վարդենիկ համայնքներից, մարզի և Երևանի ՀԿ-ներից, ներկայացուցիչներ մարզի բնապահպանական տեսչությունից, ովքեր ներկայացնում էին նաև և ՀՀ Բնապահպանության նախարարությունը և Փորձաքննություն ՊՈԱԿ-ը, մարզպետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններից, ԶԼՄ-ներ` տեղական և հանրապետական: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ շինարարությունը ընթանում է առանց Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան հողհատկացման և մարզպետի շինարարական թույլտվության, առանց էկոփորձաքննության և հանրային լսման: ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն էլ համապատասխան մասնագետի փոխարեն Գավառի Օրհուս կենտրոնին էր ուղարկել ՀՀ Բնապահպանության նախարարին ուղղված գրությունը, և լիազորել իր անունից այն ներկայացնել. __”Համաձայն ստացված տեղեկատվության, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքին 2006թ. գյուղատնտեսական հողատեսքերի ոռոգման նպատակով տրվել է 86լ/վրկ քանակությամբ ջրօգտագործման թույտվություն Արգիճի գետի վտակից: Հաշվի առնելով, որ Արգիճի գետը հանդիսանում է Սևանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն, Սևանա լճի հաշվեկշռում ամենաջրառատ գետերից մեկը և միաժամանակ հաշվի առնելով, որ ջրային ռեսուրսները ներկայումս օգտագործվում են ջրավազանի 6 համայնքների հողերի ոռոգման համար, առաջարկվում է Աղնջաձոր համայնքին ջրօգտագործման համար տրված թույլտվությունը կասեցնել մինչև հարցի վերջնական լուծումը: Ելնելով վերոհիշյալից, համայնքին 2006թ. 86լ/վրկ ջրօգտագործման թույտվությունը, ջրատնտեսական տեսանկյունից գտնում ենք ոչ հիմնավոր”:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված համապատասխան թույտվության` այդ ջրատարը պետք է կառուցվեր 250մմ խողովակներով: Սակայն տեղում ուսումնասիրությունները այլ բան են ասում, խողովակները 530մմ տրամագծով են, արդեն 2 ջրհավաք ավազան է կառուցված և անցկացվել են 1.5 կմ երկարությամբ խողովակներ: Իսկզբանե ամեն ինչ պարզ էր, սակայն հանրային քննարկումը մեկ անգամ ևս հաստատեց, որ այդ գործողություններն անօրինական են ու դատապարտեց այդ հակաօրինական, հակաազգային արարքը, որի արդյունքում խաթարվելու է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի բնապահպանական հավասարակշռությունը, ծանր հարված է հասցվելու Սևանի էնդեմ ձկնաշխարհին, և խորությամբ է անդրադառնալու 6 համայնքների ավելի քան 30 000 բնակչության սոցիալական խնդիրներին, քանի որ այդ համայնքները և տնտեսությունները կզրկվեն ամենակենարար հարցից` ոռոգման ջրից, ինչը ստանում են Արգիճի գետից, ու նաև դրանց հետևանքով Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի կենդանական և բուսական աշխարհին կհասցվեն անդառնալի հետևանքներ, իսկ Արգիճիի գետի ջրերից սնվող համայնքների բնակիչները կբախվեն սոցիալական լուրջ հիմնախնդիրների: Ուստի քննարկման վերջում մասնակիցները որոշեցին դիմել ՀՀ նախագահին, հարցին վերջնական լուծում տալու համար:


Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ. /374 264/ 6 15 11; /374 91/ 76 46 41
Email: info_gavar@aarhus.am
asliza28@rambler