2010-06-22
 
Բոննի բանակցությունները արդյունք չտվեցին


2010թ. մայիսի 31-ից հունիսի 11-ը Բոննում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության կողմ երկրների բանակցությունների հերթական փուլը: Քննարկման հիմնական թեման ջերմոցային գազերի կրճատման վերաբերյալ նոր համաձայնագրի պատրաստումն էր (2012թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի համար): Հունիսի 22-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Հայաստանի մասնակցության և բանակցությունների արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի ազգային համակարգողը` պարոն Ա.Գաբրիելյանը:
Ազգային համակարգողի խոսքերով Բոննի բանակցություններին առաջընթաց գրեթե չգրանցվեց, իսկ որոշ հարցերում նույնիսկ նահանջ էր այն նվաճումներից, որոնք ձեռք էին բերվել Կոպենհագենում 2009թ. տեղի ունեցած կողմերի 15-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ: Այնտեղ ընդունվել էր ՙԿոպենհագենյան համաձայնությունը՚, որին կողմ էին 120 երկիր այդ թվում նաև Հայաստանը: Նշված համաձայնությունը պետք է հիմք հանդիսանար Բոննի բանակցությունների համար, սակայն դրան դեմ էին մի շարք պետություններ:
Ինչպես տեղեկացրեց Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգողը Բոննում այնուամենայնիվ արտահայտվեց երկու բնագավառներում առաջխաղացում.
1. Զարգացող երկրներում անտառահատման կանխման փաստաթղթի ընդունման, ըստ որի նախատեսվում է կրճատել անտառահատումներն այսօրվա նկատմամբ 80%-ով, 2. Մաքուր զարգացման մեխանիզմի շարունակման ու կատարելագործման վերաբերյալ:
Նա կասկած հայտնեց, թե առաջիկայում, Կլիմայի փոփոխության հերթական, 16-րդ համաժողովին կընդունվի Կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության շրջանակներում հետագա պարտավորությունների վերաբերյալ իրավական բնույթի փաստաթուղթ:


Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ./374 10/ 55-13-64
E-mail: info@aarhus.am