2010-06-22
 
Գրքի շնորհանդես կենտրոնում


Ս.թ. հունիսի 22-ին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կայացավ ՙՀայաստանի Հանրապետության էկոլոգիական իրավունք՚ գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հասարակության լայն շրջանակների դատին ներկայացվող հրատարակությունը բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի միակ համակարգաված աղբյուրն է և ներառում է շուրջ 124 ակտ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ, ՀՀ ԳԱԱ աշխատակիցներ, պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:
Կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը հրավիրվածներին ներկայացրեց ժողովածուի կիրառական նշանակությունը, մեթոդական հենքը և կառուցվածքը: Նա իր խոսքում նշեց, որ ներկայացված գիրքը Կենտրոնի կողմից ծրագրված այլ հրատարակությունների մեկնարկն է: Պարոն Ս.Պապյանը ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության պատրաստակամությունը համագործակցելու Կենտրոնի հետ էկոլոգիական օրենսդրության կատարելագործման գործում:
Կենտրոնի մասնագետների կատարած աշխատանքը արժանացավ հյուրերի բարձր գնահատականին:
Շնորհանդեսի ավարտին Կենտրոնը հրավիրվածներին նվիրեց հրատարկված գրքի օրինակներ: