|
|
S O S Արգիճի
 Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն համայնքների ղեկավարների խնդրանքով Գավառի Օրհուս կենտրոնը մարզպետարանում հանդիպում կազմակերպեց վերոհիշյալ համայնքապետերի Գավառի Օրհուս կենտրոնի և ՙԷկոլուր՚ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի և ԶԼՄ ներկայացուցիչներ: Համայնքապետերն իրենց մտահոգությունն հայտնեցին Արգիճիի վերին հոսանքներում իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ, ներկայացրեցին հստակ փաստեր առանց ջուր մնացող բնակչության թվի և համայնքների ոռոգվող տարածքների մասին, այն է` Գեղհովիտ – 6700բնակիչ, 900հա ոռոգելի հողատարածքներ, Մադինա - 1300բնակիչ, 1300հա ոռոգելի հողատարածքներ, Վ. Գետաշեն – 5500բնակիչ, 1200հա ոռոգելի հողատարածքներ, Ն. Գետաշեն – 9000բնակիչ, 2150հա ոռոգելի հողատարածքներ, Վաղաշեն – 4300բնակիչ, 300հա ոռոգելի հողատարածքներ, 1000հա ոռոգելի խոտհարքեր: Ընդհանուր հաշվարկով 26800բնակիչ և 6850հա ոռոգելի հողեր մնալու են առանց ջրի: Համայնքի ղեկավարների խոսքերով ամռան ամիսներին գետի ջուրն այնքան քիչ է լինում, որ ոռոգման ժամանակահատվածում ջրի պակասը միջհամայնքային կռիվների պատճառ է դառնում: Քննարկման ժամանակ ՙԷկոլուր՚ ՀԿ-ի նախագահը համայնքապետերին ներկայացրեց իր ունեցած տեղեկատվությունը այս շինարարության հետ կապված և ըստ նրա նախնական տվյալների այդ շինարարությունն իրականացնում է ՙՀիդրոկորպորացիա՚ ՍՊԸ-ն, որը այդ ՀԷԿ-ը կառուցելու թույտվություն ստացել է դեռևս 2006թ.: Եթե նույնիսկ այն ժամանակ այդ շինարարությունը թույլատրելի էր, նշեմ, որ այդ տարիներին ՀՀ Կարմիր գիրքը դեռևս օրենքի ուժ չուներ: Անցյալ տարի ՀՀ Կարմիր գիրքը օրենքի ուժ է ստացել, նրա մեջ գրանցված Սևանա լճի էնդեմ ձկնատեսակների մեծ մասը Արգիճիի վերին հոսանքներում է ձվադրում: Տեղին է նշել նաև, որ Սևանա լճի ջրի բարձրացման համար երկար տարիներ հսկայական ջանքեր ու գումարներ են դրվել` Արփա-Սևան թունելի կառուցման գործում, որ Վայոց Ձորի մարզից ջուր բերեն Սևանա լիճ: Այժմ լրիվ հակառակ գորընթացն է տեղի ունենում, Սևանի ջուրը հեշտ ու հանգիստ, շահ ստանալու նպատակով նորից հետ են ուղարկում Վայոց Ձորի մարզ:
Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ. 0264 6 15 11, բջջ. 091 76 46 41
Email: info_gavar@aarhus.am
asliza28@rambler |
|