2010-06-15
 
Բնության և “Սևանա լճի մասին” օրենքներին հակառակ


Այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վերին հոսանքներում` փոքր հիդրոկայան կառուցելու նպատակով: Թե երբվանից են սկսվել շինարարական աշխատանքները, դժվար է ասել, սակայն օրեր առաջ այս մասին Գավառի Օրհուս կենտրոնին ահազանգ են հնչեցրել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն համայնքների ղեկավարները: Դիմելով կենտրոնին` նրանք բողոքել են այն մասին, որ նոր հիդրոկայանի կառուցմամբ ոչ միայն լրջորեն վտանգվում է տարածքի բնապահպանական հավասարակշռությունը, խախտվում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքը, այլ նաև նշյալ 5 համայնքների բնակիչները զրկվում են ոռոգման ջրից, քանի որ նրանք սնվում են այն նույն գետից, որի ջրերը պետք է ծառայեցվեն էլեկտրոէներգիա արտադրելու համար: Սակայն այստեղ ամենազավեշտալին այն է, որ ՀԷԿ-ի գործարկման պայմաններում Արգիճիի ջրերը հոսելու են ոչ թե Սևանա լիճ, այլ հակառակ ուղղությամբ` Վայոց Ձորի մարզ և թափվելու են Արփայի ջրերի մեջ: Ստացվում է որ պետությունը տասնամյակներ շարունակ հսկայական գումարներ է ծախսել ու ծախսում Որոտանի ու Արփայի ջրերը Սևանա լիճ հասցնելու համար, իսկ այդ նույն ջանքերի կողքին հանկարծ հայտնվում են մարդիկ, ովքեր իրենց նեղ անձնական շահերը գերադասում են համապետական ու համաժողովրդական խնդիրներից և ցանկացած գնով ձգտում հասնել իրենց նպատակին: Ահազանգը հնչեցնելուց հետո արդեն Գավառի Օրհուս կենտրոնի ահազանգին արձագանքեց ՙԷկոլուր՚ ՀԿ-ի նախագահը: Միասին այցելելով Արգիճիի վերին հոսանքներ, տեսանք, որ շինարարական աշխատանքներն այս պահին շարունակում են ընթանալ. փորվել է ավելի քան 1,5 կմ երկարությամբ ջրանցք, կառուցվել է 2 ջրահավաք ավազան և արդեն տեղադրվում են խողովակներ: Ուսումնասիրություններից պարզեցինք, որ շինարարությունը ընթացել է առանց Գեղարքունիքի մարզպետի համապատասխան շինարարական թույլտվության, էկոփորձաքննության և հանրային լսման: Տեղեկացանք նաև, որ շինարարության տեղամաս է այցելել Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած աշխատանքային խումբը և տեղում ծանոթացել հիմնախնդրին: Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն համայնքների բնակիչները հայտնել են, որ եթե մոտ ժամանակներում չդադարեցվի ապօրինի շինարարությունը, ապա իրենք ստիպված կլինեն սեփական ուժերով կանգնեցնել այն, քանի որ Արգիճի գետի վերին հոսանքներից մինչև Սևանա լիճ տարածվող հազարավոր հեկտարների հասնող ոռոգելի հողերը սնվում են այս աղբյուրների ջրերից և հենց այս գետի վերին վտակներում են ձվադրում ու բազմանում Կարմիր գրքում գրանցված Սևանա լճի մի շարք էնդեմ ձկնատեսակներ` իշխան կողակ, բեղլու և այլն, որոնք կարող են իսպառ ոչնչանալ, եթե Արգիճիի ջրերից թեկուզ մի փոքր քանակություն սկսի հոսել հարավային ուղղությամբ` դեպի Կասպից ծով:


Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
հեռ. 0264 6 15 11, բջջ. 091 76 46 41
Email: info_gavar@aarhus.am
asliza28@rambler