2010-06-16
 
Կլոր սեղան` Նուբարաշենի աղբավայրում կենսագազի արտադրության խնդիրների վերաբերյալ


Ս.թ. հունիսի 16-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կայացավ կլոր սեղան` նվիրված Նուբարաշենի աղբավայրում կենսագազի արտադրության էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրներին: Բանախոսը ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանն էր: Մասնակիցների թվում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներ, իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ և ոլորտի այլ մասնագետներ (շուրջ 30 մասնակիցներ):
Կլոր սեղանի շրջանակներում լուսաբանված հարցերի թվում էին ճապոնական ՙՇիմիցու՚ կորպորացիայի կողմից կենսագազի արտադրությանն առնչվող տնտեսական, էկոլոգիական և սոցիալական խնդիրները, էլեկտրաէներգիայի արտադրության նպատակահարմարության հարցը, ակնկալվող շահույթի և ծախսերի վերլուծությունը, ծրագրի հեռանկարները և մի շարք այլ հարցեր:
Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց դիրքորոշումը և բարձրացնելու բազմաթիվ հարցեր, ինչպես օրինակ Կիոտոյի արձանագրության շրջանակներում գործող մաքուր զարգացման մեխանիզմների կիրառման խնդիրները, թափոնների վերամշակման ժամանակակից եղանակների կիրառումը, դրանց տնտեսական արդյունավետությունը, քննարկվող հարցի առնչությամբ բնակչության իրազեկվածության բարձրացման ուղիները և այլն:
Քննարկման ավարտին կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը առաջարկեց նոր ուսումնական տարում ձևավորել ուսանողական խումբ, որը կզբաղվի թափոնների կառավարման խնդիրների ուսումնասիրությամբ: Բանախոսը ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին և համագործակցել նրանց հետ: