2010-06-15
 
Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը Դիլիջանում


Հունիսի 15-ին Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար նվիրված անապատացման դեմ պայքարի օրվան: Ներկա էին ուսանողներ, աշակերտներ, բնապահպանական ՙԱրևորդի՚ ակումբի անդամներ, ուսուցիչներ, բնակիչներ: Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց ՄԱԿ-ի 1994 թ.-ին ընդունած ՙԱնապատացման դեմ պայքարի՚ կոնվենցիայի գործողության անհրաժեշտությունը, կառուցվածքը, նպատակները, սկզբունքները և երկրների պարտավորությունները (այդ թվում ՀՀ-ի): Նշվեց, որ փաստաթղթի նպատակն է անապատացման դեմ պայքարը կազմակերպել փոխհամաձայնեցված ու միասնական ուժերով: Ծանոթացվեց անապատացման բնորոշումներին, առաջացման պատճառներին, հետևանքներին և Հայաստանում անապատացման վտանգին ու հնարավոր ու առկա հետևանքներին: Ասվեց, որ անապատացման հիմնական պատճառը անտրոպոգեն է, հատկապես հողերի անվերահսկելի օգտագործումը, դեգրադացիան, գերարածեցումը, անտառահատումները, որոնք հանգեցնում են գյուղատնտեոսական նշանակության հողերի կորստին, մթերքների արտադրության նվազեցմանը, արոտավայրերի կրճատմանը և այլն: Բերվեցին նաև աշխարհում անապատացման հետ կապված վիճակագրական տվյալներ, թե որքան է կազմում անապատացված տարածքները, ինչպիսի ծանր պայմաններում կարող է հայտնվել մարդկությունը դրա արդյունքում: Մոլորակի տարածքի մեկ երրորդը գտնվում է այդ վտանգի ներքո և վտանգված է 1 մլրդ մարդու գոյատևման միջոցները: Խոսվեց նաև գործողությունների ազգային ծրագրի ու զեկույցների մասին: Թեման ներկայացվում էր համակարգչային սլայդների օգնությամբ: Մասնակիցները ավելացրին, որ մատուցված տեղեկատվությունը լիարժեք էր գիտակցելու անապատացման վտանգի ու դրա դեմ պայքարի միջոցների մասին:


Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am
հեռ.(+374268)2-31-38, բջջ.(+37491)727941