|
|
Խմելու ջրի որակի, ջրամատակարարման ու ջրահեռացման հիմնահարցերի քննարկում
 Հունիսի 8-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան ՙԽմելու ջրի որակը, ջրամատակարարման և ջրահեռացման հարցերը Երևան քաղաքում՚ թեմայով, որի նպատակն էր հանրության ուշադրությանը ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները:
Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՚ Երևան ջուրՙՓԲԸ-ից, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից, Երևանի քաղաքապետարանից, Ջրի ազգային կոմիտեից, Ազգային ժողովից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և շահագրգիռ քաղաքացիներ:
Քննարկվեց Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնախնդիրները, այդ ոլորտում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից տարվող վերահսկողությունը և ՚Երևան ջուրՙ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի հետազոտությունները:
Երևան քաղաքի ջրամատատակարարումը և ջրահեռացումն իրականացվում է համաշխարհային “Veola” ընկերության մասնաճյուղ հանդիսացող ՚ Երևան ջուր ընկերության կողմից, որը Հայաստանում գործում է 2006թ.-ից: Ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին ոլորտում իրականացվող աշխատանքները, բարեփոխումները, հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև առկա թերությունները: Էկոլոգիական տեսանկյունից ռիսկեր են պարունակում Երևանին հարակից 32 գյուղերի ջրահեռացման խնդիրները, որտեղ բացակայում են կոյուղագծերը և այդ մասում են գտնվում Երևան քաղաքը խմելու ջրով մատակարարող 4 աղբյուրները: Լուրջ խնդիր է նաև ջրակորուստը (մոտ 80% կազմող) , որի հիմնական պատճառը հին խողովակաշարերը և ջրագողություններն են : Կեղտաջրերի մաքրման կայանը նույնպես գտնվում է անբարենպաստ պայմանում: Հավանության է արժանացել կայանի վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2011թ.: Սակայն նշվեց, որ նոր կայանը կիրականացնի հիմնականում կեղտաջրերի մեխանիկական մաքրում: Ընկերության ներկայացուցիչները ներկաներին կոչ արեցին համատեղ ուժերով պայքարել առկա խնդիրների դեմ:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/ 55-13-64
E-mail: info@aarhus.am |
|