|
|
Դասընթաց քաղաքացիական ծառայողների համար
 Ս.թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն անցկացրեց էկոլոգիական իրավունքի դասընթաց քաղաքացիական ծառայողների համար, ովքեր իրենց լիազորություններն իրականացնելիս առնչվում են էկոլոգիական օրենսդրության հետ: Հարկ է նշել, որ նախարարությունները ակտիվորեն և պատրաստակամությամբ արձագանքեցին դասընթացի հրավերին: Մասնակիցների թվում էին ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների 15 աշխատակիցներ: Ներկաները հետաքրքրված էին ներկայացված հարցերով, և դասընթացն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Քանի որ մասնակիցները ներկայացնում էին տարբեր նախարարություններ, նրանք հնարավորություն ունեցան նաև քննարկելու այդ կառույցների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությանը խոչընդոտող մի շարք հարցեր:
Օրակարգում ներառված էին հետևյալ թեմաները` մարդու էկոլոգիական իրավունքների ձևավորման նախադրյալները, ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը, պատասխանատվությունը էկոլոգիական օրենսդրության խախտումների համար, էկոլոգիական տեղեկատվության մատչելիությունը, որոշումների կայացման գործընթացին հասարակայնության մասնակցությունը, արդարադատության մատչելիություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին համապատասխան նյութեր: |
|