|
|
Կենսաբազմազանությունը վտանգված է. Մայիսի 22-ը կենսաբազմազանության համաշխարհային օրն է
 Երկրագնդի կենսառեսուրսները մարդկության գոյության, տնտեսական և սոցիալական զարգացման համար անգնահատելի օգտակարություն ունեն: Այսօր բնական տարբեր պատճառներով և հատկապես մարդու կենսագործունեության հետևանքով կենսաբազմազանությանը վտանգ է սպառնում. անհետանում են տեսակներ, առկա է սպառնալիք որոշ տեսակների գոյությանը: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) 1988 թ.-ին ստեղծեց կենսաբանական բազմազանության փորձագետների աշխատանքային խումբ` կենսաբանական բազմազանության մասին միջազգային կոնվենցիա մշակելու համար: Եվ ահա, 1992 թ.-ի մայիսի 22-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած կոնֆերանսում ընդունվեց կոնվենցիան, որը բաց է ստորագրման 1992 թ.-ի հունիսի 5-ից: Ուժի մեջ մտավ 1993 թ.-ին: Կոնվենցիայի հիմքում ընկած է այն պարզ տրամաբանությունը, որ երկրները պետք է կայուն զարգացման համատեքստում հավասար և արդար օգտագործեն կենսական ռեսուրսները, որոնք չեն վնասի շրջակա կենսաբազմազանությանը, հաստատեն համագործակցություն այդ հիմնախնդիրները լուծելու, և որ պետությունները պատասխանատվություն են կրում իրենց կենսաբազմազանության պահպանման և կենսապաշարների կայուն օգտագործման համար: Կոնվենցիայի ընդունման օրը` մայիսի 22-ը` համարվեց Կենսաբազմազանության միջազգային օր:
Մասնագետները գտնում են, որ ֆլորայի ու ֆաունայի տեսակների անհետացման հավանականությունը մեծ է խիտ բնակեցված պետություններում: Վերջին 100 տարվա ընթացքում էկոհամակարգերի խաթարումը արագացել է:
Հաշվարկված է, որ 21-րդ դարում հասարակածային անտառների բուսական ու կենդանական աշխարհի 15-20 %-ը կանհետանա, իսկ բույսերի ու կենդանիների 22000 տեսակ անհետացման եզրին են: Էկոլոգիական հավասարակշռության խախտման հետևանքով էկոհամակարգերի 60 %-ը ենթարկվում է դեգրադացիայի, օգտագործվում է աննպատակ, իսկ առաջիկա տասնամյակներում այս երևույթը ավելի արտահայտված կդրսևորվի:
Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ, հասարակություն, պետություն մտածի մեր մոլորակի գոյությունը երաշխավորող կենսաբազմազանության պահպանման համար, խոչընդստի նրա տեսակների ոչնչացումը, կատարի միջազգային պարտավորությունները: Այլապես, մենք չենք թողնի ապագա սերունդներին այն գեղեցկությունը և բնական հարստությունը, որից հիմա մենք օգտվում ենք անխնայողաբար: Չենք գիտակցում, որ մարդը ևս մի տեսակ է, որը անմիջական կախվածության մեջ է շրջապատող բնական միջավայրից: Ուղղակի անհրաժեշտ է համագործակցություն և հետևողականություն փրկել այն, ինչը մեզ տալիս է հնարավորություն ապրելու և գոյատևելու:
ԱրարատԱլիխանյան
ԴիլիջանիՕրհուսկենտրոնիհամակարգող
Էլ.փոստ.info_dilijan@aarhus.am
հեռ./374268/2-31-38, /37491/727941 |
|