|
|
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍՆԿԻ ՊԵՍ ԱՃԵԼ ԵՆ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ
 Դեկտեմբերի 9-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված փոքր ՀԷԿ-երի գործարկման ռիսկերի քննարկմանը և Սևանի ձկնաշխարհի պահպանմանն ու վերարտադրմանը: Կլոր սեղանին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետը, փոխմարզպետները, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը, Սևան ԱՊ-ի փոխտնօրենը, Մարտունու և Վարդենիսի քաղաքապետերը, Այգուտի, Այրքի, Մարտունու, Ձորագյուղի, Ձորավանքի, Գետիկի համայնքի ղեկավարները, ՀԿ-ների /Երևանից և մարզից/, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկմանը հրավիրված էին նաև ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր տարբեր պատճառներով չմասնակցեցին քննարկմանը:
Կլոր սեղանի նպատակն էր պարզել, թե ՓՀԷԿ-րը լինելով վերականգնվող էներգիայի աղբյուր ու նաև գլոբալ տաքացումը կրճատող միջոցներ, քանի տոկոսով են օգտակար և քանի տոկոս է կազմում դրանց հասցրած վնասը շրջակա միջավայրին:
Քննարկման սկզբում Օրհուս կենտրոնի համակարգողը շարժական լուսանկարներով ներկայացրեց կենտրոնի կողմից կատարած հասարակական մոնիտորինգի արդյունքները մարզում նոր կառուցվող կամ արդեն գործող ՓՀԷԿ-երի մասին, իսկ թե որքանով է դրանց աշխատանքը համապատասխանում բնապահպանական, քաղաքաշինական և փորձագիտական նորմերին` ներկայացվեց մասնակիցների հետագա քննարկմանը:
Գեղարքունիքի մարզպետը օգտակար և անհրաժեշտ համարեց այս քննարկման կազմակերպումը և հավելեց, որ այժմ ՓՀԷԿ-րը բիզնեսի ծավալման և այլընտրանքային էներգիայի արտադրության առումով նորություն են, սակայն կարևոր է, որ դրանց կառուցմամբ չխաթարվի գետերի էկոհամակարգը: ՀՀ ԳԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը իր ելույթում նշեց, որ ՓՀԷԿ-րի և քամու կայանների կառուցման ակտիվացումը շաղկապվում է գլոբալ տաքացումը մեղմելու հետ, ուստի այլընտրանքային էներգիայի արտադրությունը շատ ավելի շահեկան է բնապահպանական տեսանկյունից, սակայն ցանկացած հիդրոկայան դրականի կողքին նաև իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա: Նրա կարծիքով` Սևանա լիճ թափվող գետերի վրա պետք է օրենքով արգելել որևէ տնտեսական գործունեություն, հարկավոր է մաքուր պահել Սևանա լիճ թափվող գոնե 5-7 գետ /որոնցից 3-ը համարվում են իշխանի գետեր, մյուսները կողակի/, որպեսզի տեղածին ձկնատեսակների վերարտադրությունը չխաթարվի:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև Սևանա լճում ձկան պահպանման ու վերարտադրության մասին:
,,Էկոլուր,, ՀԿ-ի նախագահը կարևորեց կլոր սեղանի կազմակերպումը և առաջարկեց շարունակել մոնիտորինգը և որևէ խախտում նկատելու դեպքում ահազանգել պետկան մարմիններին:
Քննարկման վերջում հնչեցին բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի բերելուց հետո կներկայացվեն համապատասխան պետական մարմինների ուշադրությանը:
Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ©/374 91/ 76-46-41, /37477/76-46-41
Էլ-փոստ: info_gavar@aarhus.am
asliza28@rambler.ru
|
|